MobileID Ակտիվացում

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (Ընդհանուր Պայմաններ) կարգավորում են Մոբայլ ID ծառայությունից օգտվելու կանոնները և պայմանները: ՄՈԲԱՅԼ ID ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Մոբայլ ID ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (այսուհետ՝ Դուք և դրա բոլոր հոլովաձևերը) նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրամադրումն է, որը հնարավորություն է տալիս Հանրապետության պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում, որոնք էլեկտրոնային համակարգերի միջոցով ծառայություններ են մատուցում, էլեկտրոնային հարթակներում կամ ինտերնետային կայքերում, ապահով կերպով առցանց եղանակով անցնել անհատի խիստ նույնականացում՝ համապատասխան ծրագրային գործիքների կիրառմամբ, մուտք գործել տեղեկատվական համակարգեր, նման համակարգերում ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթեր (այդ թվում՝ դիմումներ, հարցումներ և հայտեր), ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստել նման էլեկտրոնային փաստաթղթերը: Մոբայլ ID ծառայության շնորհիվ, առանց հատուկ սարքավորումների և նույնականացման քարտի, ցանկացած մոդելի բջջային հեռախոսի միջոցով Դուք կարող եք անցնել նույնականացում և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատել, այսինքն` Ձեր Մոբայլ ID-ով ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր: Բացի դրանից, Մոբայլ ID ծառայությունն ունի մի շարք այլ առավելություններ, ինչպիսիք են՝

• - ծառայության հասանելիությունն ամենուր,

• - պետական և այլ մարմիններ այցելելու ժամանակի խնայում,

• - պետական և մասնավոր տարատեսակ ծառայություններից առցանց օգտվելու հնարավորություն խիստ նույնականացման միջոցով,

• - անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ,

• - փաստաթղթաշրջանառության էական կրճատում,

• - նոր ծառայություններ մատուցելու հնարավորություն:

Մոբայլ ID ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության այն բոլոր չափահաս քաղաքացիները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ: ՄՈԲԱՅԼ ID ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ Մոբայլ ID ծառայությունից օգտվելու համար Դուք նախ պետք է գրանցվեք որպես Մոբայլ ID ծառայություն օգտագործող: Դրա համար Դուք պետք է այցելեք բջջային կապի Ձեր օպերատորի գրասենյակ՝ ունենալով Ձեզ հետ Ձեր վավեր նույնականացման քարտը և բջջային հեռախոսը: Բջջային կապի օպերատորը նույնականացնում է Ձեզ և տալիս նոր տեսակի SIM քարտ, որը պարունակում է Մոբայլ ID հավելված: Գրանցումից հետո Դուք պետք է ակտիվացնեք Մոբայլ ID ծառայությունը, որը կարող եք իրականացնել առցանց` իրականացնելով հետևյալ քայլերը․

• Տեղադրեք USIM քարտը հեռախոսի մեջ

• Կատարեք ելքային զանգ

• Մուտք գործեք www.mobileid.am կայք

• Ընտրեք «Mobile ID ակտիվացում » բաժինը

• Ընդունեք ընդհանուր դրույթներն ու պայմանները

• Մուտքագրեք հեռախոսահամարը համապատասխան դաշտում

Ձեր հեռախոսահամարը նույնականացնելուց հետո էկրանին հայտնվում է Mobile ID ծառայության ակտիվացման հետևյալ քայլերի հաջորդականությունը․

• Ներբեռնեք «CryptocardSuite» ծրագիրը https://www.ekeng.am/hy/howtouse/ կայքից (այն դեպքում, եթե նախկինում չեք ներբեռնել այն)

• Միացրեք ID քարտ կարդացող սարքը համակարգչին

• ID քարտը՝ չիպի հատվածը դեպի վեր, տեղադրեք քարտը կարդացող սարքի մեջ

• Սպասեք մինչ «CryptocardSuite» ծրագիրը կարդա տվյալները

• Համակարգչի էկրանի ներքևի աջ անկյունում կտեսնեք Ձեր քարտի կարդացված լինելու հաստատումը, որից հետո սեղմեք կոճակը

• Բերված տարբերակներից ընտրեք Ձեր տվյալները և սեղմեք OK կոճակը

• Բացված «CryptocardSuite» ծրագրում մուտքագրեք EID-ի PIN1-ը ( PIN1 տրամադրվում է անձնագրային գրասենյակում EID-ին ստանալիս ) և սեղմեք OK կոճակը

• Սեղմեք Ձեր համակարգչի էկրանին հայտնված Ձեր անձնական տվյալների բեռնման վերաբերյալ տեղեկատվության պատուհանում առկա «Առաջ» կոճակը, որից հետո էկրանին կհայտնվի Ձեր հաջորդական քայլը հուշող մեկ այլ պատուհան, որտեղ նշված «Ակիտվացնել» կոճակը սեղմելուց հետո բջջային հեռախոսին կստանաք PIN կոդերը գեներացնելու հրահանգները՝ PIN1 նույնականացման համար և PIN2 ստորագրության համար։ Յուրաքանչյուր PIN պետք է բաղկացած լինի վեցանիշ թվից և մուտքագրվի 3 անգամ:

• Բոլոր քայլերը իրականացնելուց հետո Ձեր հեռախոսին կուղարկվի «Mobile ID ծառայությունը ակտիվացված է» հաղորդագրությունը։

Ակտիվացումից հետո Ձեզ կտրամադրվի նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր, որը թողարկվում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Հավաստագրման կենտրոն) կողմից: ԲՊՌ տվյալների բազայից ներբեռնվում են նույնականացման քարտի բաց տիրույթում առկա տվյալների նույնական տվյալները: Մոբայլ ID ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել վճար: Մոբայլ ID ծառայությունն ակտիվացվում է Ձեր նույնականացման քարտի վավերականության ժամկետով: Որևէ պատճառով Ձեր նույնականացման քարտն անվավեր դառնալու դեպքում Մոբայլ ID ծառայությունը ևս ապաակտիվացվում է: Մոբայլ ID ծառայությունն ապաակտիվացվում է նաև սահմանված վճարը չվճարելու կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում: Ձեր նույնականացման քարտը փոխելու դեպքում Դուք ստիպված կլինեք վերաակտիվացնել Մոբայլ ID ծառայությունը և ստանալ էլեկտրոնային թվային ստորագրության նոր հավաստագիր: ՄՈԲԱՅԼ ID ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ Մոբայլ ID ծառայությունից օգտվելով Դուք կարողանում եք էլեկտրոնային ձևով ձեռք բերել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր տնտեսվարողների կողմից էլեկտրոնային ձևով մատուցվող ծառայություններ և գործողություններ: Դուք պարտավորվում եք Մոբայլ ID ծառայությունից օգտվել անձամբ և չփոխանցել էլեկտրոնային թվայի ստորագրության Ձեր հավաստագիրը այլ անձի, այլապես Դուք եք կրում Մոբայլ ID ծառայության օգտագործման բոլոր ռիսկերը և հետևանքները: Դուք պարտավոր եք միջոցներ ձեռնարկել Մոբայլ ID ծառայությունը գրանցելու և ակտիվացնելու ժամանակ Ձեզ տրամադրված և Ձեր կողմից գեներացված գաղտնաբառերի (Pin1, Pin 2 և այլն) և մուտքանունների գաղտնիությունը պահելու համար: Մոբայլ ID ծառայություն մատուցողը և Հավաստագրման կենտրոնն իրենց հերթին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով պարտավորվում են կիրառել ապարատային և ծրագրային անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք կպահպանեն Ձեր տվյալների և կատարած գործողությունների գաղտնիությունը: Ձեզ կողմից գեներացված գաղտնաբառերից որևէ մեկը մոռանալու դեպքում Դուք այն կարող եք նորից ակտիվացնել նախապես գեներացված PUK-ի միջոցով: Մյուս գաղտնաբառերի միջոցով մոռացված գաղտնաբառը վերականգնելու անհնարինության դեպքում Դուք պետք է ակտիվացնեք և ստանաք նոր թվային էլեկտրոնային ստորագրության հավաստագիր: Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Մոբայլ ID ծառայության օգտագործումից՝ այդ մասին տեղեկացնելով Մոբայլ ID ծառայություն մատուցողին կամ այցելելով Ձեր բջջային կապի օպերատորի գրասենյակ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք գրանցում և ակտիվացնում եք Մոբայլ ID ծառայությունը բացառապես Ձեր կամքով: Մոբայլ ID ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով Ձեզ կամ երրորդ անձանց պատճառված վնասի և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Մոբայլ ID ծառայության միջոցով Ձեր կատարած գործարքների հետևանքների համար: Մոբայլ ID ծառայություն մատուցողը կգործադրի լավագույն ջանքերը Ձեր մուտքագրած տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը հաքերային հարձակումներից, SPAM-երից և երրորդ անձանց այլ անօրինական գործողություններից պաշտպանելու նպատակով, իսկ նշված անօրինական գործողությունների դեպքում ձեռնարկել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19; 20 և 21 հոդվածներով սահմանված միջոցները: Մոբայլ ID ծառայություն մատուցողն ունի բացառիկ իրավասություն որոշելու Ձեր կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների կամ անգործությունների համապատասխանությունը սույն Ընդհանուր Պայմաններին և իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր բացառիկ հայեցողությամբ և առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու արգելափակել կամ դիմել Հավաստագրման կենտրոն Ձեր թվային էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը չեղյալ համարելու նպատակով: Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման (օգտագործման) կամ նման մշակման (օգտագործման) կասկածներ ունենալու դեպքում Մոբայլ ID ծառայություն մատուցողը դիմում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին: ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ Գրանցելով և ակտիվացնելով Մոբայլ ID ծառայությունը Դուք ընդունում եք սույն Ընդհանուր պայմանները և պարտավորվում եք Մոբայլ ID ծառայությունը օգտագործելու ամբողջ ընթացքում պահպանել սույն Ընդհանուր պայմանները: Սույն Ընդհանուր պայմանները հրապարակվում են Մոբայլ ID ծառայություն մատուցողի www.mobileid.am կայքում: Առցանց ռեժիմում գրանցվելու դեպքում Ձեզ հնարավորություն է տրվում ծանոթանալ սույն Ընդհանուր պայմաններին և ընդունել կամ չընդունել այն: Չընդունելու դեպքում Մոբայլ ID ծառայությունը չի ակտիվացվում Ձեզ համար: Բջջային կապի օպերատորի գրասենյակում գրանցվելու դեպքում բջջային կապի օպերատորը Ձեզ կտրամադրի սույն Ընդհանուր պայմանները, որոնց Դուք պետք է ծանոթանաք և նախքան գրանցվելը գրավոր կերպով հայտնեք Ձեր համաձայնությունը:: Մոբայլ ID ծառայություն մատուցող «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Ընդհանուր պայմանները` առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Փոփոխությունները ևս հրապարակվում են www.mobileid.am կայքում և տրամադրվում բջջային կապի օպերատորներին: Այն դեպքերում, երբ կատարվելիք փոփոխությունները կառնչվեն Ձեր անձնական տվյալների մշակմանը, ապա նախքան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելը առնվազն 5 օր առաջ դրանք կհրապարակվեն www.mobileid.am կայքում կամ դրանց մասին Ձեզ կծանուցվի կարճ հաղորդագրությամբ: